Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 23-ին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից:

Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 23-ին տոնում է Զատկի Ճրագալույցը: Ավագ Շաբաթը նվիրված է Հիսուս Քրիստոսի թաղմանը: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Այսօր վերջանում է նաեւ Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ:

Քրիստոնյաներն իրար շնորհավորում են. «Քրիստոս Հարեավ ի մեռելոց, Օրհնեալ է Հարությունը Քրիստոսի» արտահայտությամբ:

Ապրիլի 24-ին Հայ առաքելական եկեղեցին տոնելու է Քրիստոսի Հարության տոնը: