Կորոնավիրուսի համաճարակի եւ մատակարարման հետ կապված խնդիրների ֆոնին Apple-ը սահմանափակել է iPhone-ի առցանց վաճառքները: Շատ երկրներում, այդ թվում նաեւ` Չինաստանում եւ ԱՄՆ-ում, արգելվել է դրանք երկու անգամից ավել վաճառել մի մարդու, հայտնում է Լենտա-ն` վկայակոչելով Reuters-ը:
Ստուգումները ցույց են տվել, որ բացվող ընտրացանկը թույլ չի տալիս երեք եւ ավել սմարթֆոն պատվիրել, եւ, օրինակ, Չինաստանում, Հոնկոնգում, Թայվանում եւ Սինգապուրում iPhone- ի ցանկի վրա գրություն է տեղադրել այն մասին, որ մեկ պատվերում սարքերի քանակը սահմանափակ է:
Apple-ում հրաժարվել են մեկնաբանել սահմանափակումները: Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2007 թվականին: Այդ ժամանակ ընկերությունը ներկայացրել էր իր առաջին iPhone-ը եւ ցանկանում էր խուսափել վերավաճառքներից:
Վերլուծաբանները ենթադրում են, որ ստեղծված իրավիճակը նմանատիպ պատճառներ ունի: Ընկերությունը մարտի 13-ից համաճարակի պատճառով փակել է խանութներն ամբողջ աշխարհում եւ, ամենայն հավանականությամբ, փորձում է խուսափել ստվերային շուկայի առաջացումից եւ զանգվածային վերավաճառքներից: Ավելի վաղ Apple-ը խնդիրներ ուներ վերավաճառողների հետ այն տարածաշրջաններում, որտեղ նոր սմարթֆոններն ավելի դժվար էր պատվիրել:
Չինաստանում Apple-ի խանութները փակվել էին դեռ փետրվարին եւ բացվեցին միայն այն ժամանակ, երբ համաճարակը սկսեց նահանջել: Վիրուսի բռնկումը դժվարություններ էր առաջացրել նաեւ Չինաստան մատակարարող ձեռնարկությունների աշխատանքում: Դրա պատճառով ընկերությունը արդեն խոստովանել է, որ ընթացիկ եռամսյակում չի կարողանա իրականացնել եկամտաբերության պլանը:





























