Լիբիայի Միսուրատա քաղաքն այսօր` ապրիլի 23-ին ամբողջությամբ ազատագրվել է կառավարական զորքերից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Ապստամբների պաշտոնական ներկայացուցիչ Ջամալ Սալեմը հաստատել է, որ իշխանության կանոնավոր զորքերը նահանջել են եւ անգամ որոշ դեպքերում փախուստի դիմել երկրի մեծությամբ երրորդ քաղաքից` Միսուրատայից: «Միսուրատան ազատագրված է, ընդդիմադիրները հաղթել են: Քադաֆիի ուժերի մի մասը ոչնչացված է, մնացած մասը փախչում են»,-ասել է նա:
Ավելի վաղ կառավարական զորքերի գերի ընկած զինվորը խոստովանել է, որ Քադաֆիի զորքերը հրաման են ստացել թողնել Միսուրատան: Նրա խոսքով, նման հրաման եղել է դեռ նախորդ ուրբաթ:
Ապրիլի 22-ին Լիբիայի ԱԳ փոխնախարար Հալեդ Քաիմը հայտարարել է, որ «Լիբիայի բանակը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները քաղաքում եւ վերահսկողությունը հանձնել տեղի ցեղերին»: «Հենց նրանք պետք է որոշեն խնդիրները խռովարարների հետ` կամ բանակցությունների միջոցով, կամ` ուժի»,- նշել է նա:
Նշենք, որ Միսուրատայում այսօր սպանվել է 10 մարդ, եւս 50-ը վիրավորվել են: Նման տվյալներ են ներկայացնում տեղի բժշկական ծառայությունները:





























