Այս պահին ջահերով երթի մասնակիցները հասել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հոգեւորականները հոգեհանգստի արարողություն են անցկացնում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Ծիծեռնակաբերդի բարձունքում են նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ ՀՅԴ խմբակցությունից: NEWS.am-ի հետ զրույցում, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ այս տարի Սուրբ Զատիկը համընկել է Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին: Ըստ պատգամավորի` 1915 թվականին մի ողջ ժողովուրդ խաչվեց, ինչպես Քրիստոսը եւ հաղթեց ինչպես Քրիստոսը:
Նա վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդը հաղթելու է իր պահանջատիրության մեջ, սակայն պահանջատիրությունը միայն ներողություն խնդրելը չէ, եւ սերունդները պետք է փոխանցեն պահանջատիրության եւ պայքարի ոգին:
«Մեր պայքարը հարատեւ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայ դատն իր ամբողջ փաթեթով չի լուծվել: Բազմաթիվ են այն երկրները, որոնք ճանաչել եւ դատապարտել են մարդկության դեմ իրականացված այդ ոճիրը եւ պետք է անել ամեն բան, որպեսզի մարդկության դեմ այդպիսի եղեռնագործություններ այլեւ չկրկվեն»,- ասել է պատգամավորը:
Նշենք, որ ջահերով երթի մասնակիցների մի մասը ողջ գիշերն անցկացնելու է Ծիծեռնակաբերդի բարձունքում` անմար կրակի մոտ:





























