ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անտեսել է երկրի հատուկ ծառայություններից դեռեւս հունվարին ստացած զեկույցները, որոնք նախազգուշացնում էին նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգի մասին, գրում է The Washington Post-ը:
Հղում անելով իրավիճակին քաջատեղյակ ամերիկացի պաշտոնյաների տեղեկատվությունը՝ պարբերականը նշում է, որ հատուկ ծառայությունները նկարագրել են նոր կորոնավիրուսի տարածման բնույթն ու վտանգը, ինչպես նաեւ Չինաստանի կողմից դրա լրջության նվազեցումը՝ նշելով կառավարության կողմից համապատասխան միջոցների պոտենցիալ անհրաժեշտությունը, սակայն Թրամփը գերադասել է արտեսել այդ նախազգուշացումները կամ առհասարակ լուրջ չի ընդունել դրանք:
«Դոնալդ Թրամփը, հնարավոր է, չէր սպասում դա, սակայն բազմաթիվ մարդիկ կառավարությունում ակնկալում էին, պարզապես չէին կարող ստիպել նրան ինչ-որ բան անել»,-պարբերականին հայտարարել է աղբյուրը:
ԿՀՎ-ում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը: Ընդ որում՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Հոգան Գիդլին հայտարարել է CNN հեռուստաալիքին, որ ԱՄՆ նախագահը ձեռնարկել է աննախադեպ, ագրեսիվ միջոցներ ամերիկացիների առողջությունը, ունեցվածքն ու անվտանգությունը պաշտպանելու համար, «մինչդեռ ԶԼՄ-ներն ու դեմոկրատները գերադասել են պարզապես կենտրոնանալ անօրինական իմփիչմենթի անհեթեթ քաղաքականության վրա»:





























