Վրաստանում, արտակարգ դրության հետ կապված, արգելել են կատարել հոգեհանգստյան, ինչպես նաեւ հարսանեկան եւ այլ արարողություններ, որոնք ենթադրում են մարդկանց կուտակում հասարակական վայրերում։ Համապատասխան որոշումն ընդունել է Վրաստանի կառավարությունը։

Երկրում արտակարգ իրավիճակի հետ կապված նոր կանոնների համաձայն, արգելվում են ցանկացած սոցիալական միջոցառումներ, որոնք ավելի քան տասը մարդու հավաք են ենթադրում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Սահմանափակումը չի վերաբերում մարդկանց հավաքին բուժական եւ հանրային հաստատություններում, պաշտպանական ուժերում, հատուկ քրեակատարողական հիմնարկներում, իրավապահ մարմիններում, որոնք պետք է կատարեն իրենց պարտականությունները։

Սահմանափակումը նաեւ չի վերաբերում հասարակական տրանսպորտին եւ ենթակառուցվածքային շինարարական աշխատանքներին։

Որոշման մեջ նաեւ նշվում է, որ այն մասնավոր հաստատություններում, որոնց վրա սահմանափակումները չեն տարածվում, մարդիկ պետք է երկու մետր դիստանցիա պահեն։

Այսպիսի որոշում կայացվել է այն բանից հետո, երբ չնայած իշխանությունների կոչերին, քաղաքացիների որոշ մասը շարունակել է մասնակցել հոգեհանգիստների, հյուրերի մասնակցությամբ նշել ծննդյան օրեր։

Այսօր սոցցանցերի օգտատերերի վրդովմունքն է առաջացրել տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են Մառնեուլի բնակիչները փորձում փողոցում խրախճանք կազմակերպել։ Արդյունքում ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել։