ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը երկրագնդի վրա բոլոր հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ թույլ տալ մարդկանց հաղթահարել կորոնավիրուսի համավարակը։
«Մենք բախվել ենք ընդհանուր թշնամու հետ, որը չի խնայում եւ չի տարբերում ռասաները, ազգությունները կամ կրոնները»,- հայտարարել է նա հատուկ ուղերձում։ Ընդ որում, հավելել է նա, ամբողջ աշխարհում մոլեգնում են ռազմական հակամարտությունները, որից ամենաշատը տուժում են ամենաանպաշտպանները՝ կանայք, երեխաները, հաշմանդամները, հասարակության եզրին հայտնված մարդիկ եւ փախստականները։ Նրանք առաջին հերթին են COVID-19-ի համավարակի զոհ դառնում։
ՄԱԿ ղեկավարի խոսքերով՝ սրընթաց տարածվող համավարակի ֆոնին ավելի շատ է ակնհայտ դառնում պատերազմի անհեթեթությունը։ «Ահա թե ինչու եմ ես այսօր կոչ անում անհապաղ հրադադարի աշխարհի բոլոր անկյուններում։ Եկել է զինված հակամարտություններին «կարանտին» հայտարարելու եւ բոլոր ուժերը այն պայքարի համար կենտրոնացնելու ժամանակը, որի ելքից մեր կյանքն է կախված»,- հայտարարել է Գուտերիշը։
Նա պատերազմող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ «ստիպել հրանոթներին լռել»։ Դա թույլ կտա կենսականորեն անհրաժեշտ օգնության համար միջանցքներ ստեղծել եւ հույս տալ նրանց, ով հատկապես խոցելի է COVID-19 կորոնավիրուսային վարակի հանդեպ։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ արդեն այսօր ինչ-որ տեղ թշնամական կողմերը երկխոսություն են վարում, որպեսզի կորոնավիրուսի դեմ պայքարի համատեղ միջոցներ գտնեն։ «Պետք է դադարեցնել պատերազմի համաճարակը եւ պայքարել հիվանդության դեմ, որն այսօր համակել է աշխարհը։ Եւ սկսել պետք է ամբողջ աշխարհում ռազմական գործողությունների դադարեցումից»,- ասել է նա։





























