ԼՂՀ զինված ուժերի Արեւելյան օպերացիոն ուղղության զորքերի խմբավորման հետ ապրիլի 18-23-ին անցկացվել են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, զորավարժությունների ընթացքում հաշվի են առնվել ինչպես տարածշրջանային ռազմաքաղաքական ներկա վիճակից բխող հավանական զարգացումները, այնպես էլ օպերատիվ-մարտավարական նշանակության խնդիրների լուծման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:
Զորավարժության նպատակն էր բարձրացնել օպերացիոն ուղղության զորքերի կառավարման մարմինների, դրանցում ստեղծված աշխատանքային խմբերի, զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարների ու շտաբների ունակությունները պաշտպանողական ու հակահարձակողական մարտերի վարման ժամանակ, ինչպես նաեւ կատարելագործել նրանց մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման եւ զորքերի օպերատիվ ծավալման գործնական պատրաստվածությունը:
Զորավարժությունը, որը մեկնարկել է տագնապ ազդականչով եւ անցավ պաշտպանողական ու հակահարձակողական մարտերի վարման բոլոր փուլերը, նախորդներից տարբերվում էր մի շարք առանձնահատկություններով: Դրանցից, թերեւս, ամենագլխավորը արդիական պատերազմում կիրառվող մարտավարական ու ռազմավարական խնդիրների ճշգրտումն էր եւ լուծման նոր ուղիների հստակեցումը:
Համաբանակային նշանակության միջոցառման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ զորքերի բարձր աստիճանների մարտական պատրաստականության բերման, զորահավաքային ռեսուրսով դրանց համալրման եւ ըստ կենտրոնացման շրջանների ծավալման, մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների եւ զորավարժություններին ներգրավված ողջ զինանձնակազմի առջեւ դրված խնդիրների կատարման հաջորդականությանն ու որակական ցուցանիշներին:





























