Վրաստանն ու վրաց ժողովուրդն ապրիլի 24-ին սգում են բոլոր հայերի հետ միասին: Այս մասին հայտարարեց Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

«Հայ ժողովրդի այս մեծ կորուստը մենք սգում ենք ձեզ հետ միասին: Եւ միշտ կկիսենք ձեր վիշտը», -ընդգծեց դեսպանը:

Այսօր` ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայոց ցեղասպանության  96-րդ տարելիցը:

Ցեղասպանության տարելիցին նվիրված ջահերով երթ ապրիլի 23-ին անցկացվել է նաեւ Վրաստանում:  Այսօր Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա` «Մենք հիշում եւ պայքարում ենք արդարության համար» կարգախոսով: Ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն է: