Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում այսօր, ապրիլի 24 –ին, Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվել է հոգեհանգստի պատարագ:

Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանի ձեռամբ Կիեւի հայկական եկեղեցում մատուցված Սուրբ Զատկի պատարագից հետո կատարվել է երկու խաչքարի օծման արարողություն եւ աղոթ է հղվել առ Աստված` ի հիշատակ ցեղասպանության նահատակների:

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները մեկնարկել են ապրիլի 9-ից` Կիեւի  «Հեղափոխություն» ակումբում «Սովորական ցեղասպանություն» շարքի ֆիլմերի ցուցադրությամբ: Մինչ ցուցադրությունը Analitika վերլուծական կենտրոնի փորձագետ Երվանդ Երվանդյանը պատմել էր Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ  Բաքվում, Մարաղայում եւ Սումգայիթում հայերի ջարդերի մասին:

Այնուհետեւ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ էին տեղի ունեցել Ուկրաինայի բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ հայ համայնք կա: