Ախալցխայում «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ ապրիլի 23-ի երեկոյան տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած ջահերով երթ դեպի քաղաքի Մարտա թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքար-հուշակոթող:
Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրաձայն կոչ են ուղղել Վրաստանի իշխանություններին` հետեւել քաղաքակիրթ աշխարհի մի շարք պետություններին ու ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը:
Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակիցները Ախալցխայի շրջակա գյուղերի քահանա Տ. Մովսեսի Մանուկյանի գլխավորությամբ աղոթել են անմեղ զոհերի հոգիների հանգստյան համար, որից հետո երիտասարդները հանդես եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով, ինչին հետեւել են հայրենասիրական երգեր ու կանչեր:





























