Չեխիայի հայ համայնքի Ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված միջոցառումներն ավելի ձեռնարկների տեսք ունեն, իսկ ցույցեր ու հանրահավաքներ չեն ծրագրված: Այսօր` ապրիլի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պրահայում լույս տեսնող «Օրեր» համաեվրոպական ամսագրի խմբագիր, Չեխիայում Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումների կազմակերպիչներից Հակոբ Ասատրյանը:

«Քանի որ Չեխիան շատ սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, մասնավորապես`տնտեսական երկկողմ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, դա խանգարում է, որ Չեխիայի կառավարությունը կամ խորհրդարանը հայոց ցեղասպանության հարցին լրջորեն անդրադառնա»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Հակոբ Ասատրյանը նշեց, որ չեխ հասարակության մեջ աջակցում են հայերին, մասնավորապես` չեխահայ համայնքն ունի կողմնակից մեկ սենատոր, ով ամեն տարի աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, բայց խորհրդարանում այդ հարցը չի բարձրացվել:

«Օրերի» խմբագրի խոսքով`Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, չեխական մամուլն ամեն տարի լայնորեն անդրադառնում է, հեռուսատեսությունը եւ ռադիոն եւս հաղորդումներ են տալիս: «Միշտ էլ հույս կա, որ տարբեր համայնքներում կատարվող աշխատանքները այդ ուղղությամբ ազդեցություն կունենան: Վերջին տարիներին քաղաքական փոփոխությունները Թուրքիայում ցույց են տալիս, որ կգա ժամանակ, որ Թուրքիայի կառավարությունը նույնպես կընդունի Հայոց Ցեղասպանության փաստը, 10 տարի առաջ մենք չէինք էլ կարող ենթադրել, որ թուրքական հասարակության 20 տոկոսը տեղյակ կլինի Հայոց Ցեղասպանությունից»,- ասաց նա, կարծիք հայտնելով, որ մինչեւ Եղեռնի 100 ամյա տարելիցը կհասնենք շոշափելի արդյունքների:

Նշենք, որ ապրիլի 24-ին ժամը 17.00-ին Պրահայի քաղաքային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման երեկո, որին կհաջորդի հեռուստալրագրող Արտյոմ Երկանյանի «Թոռների պատասխանը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, իսկ երեկոյան միջոցառումը կեզրափակվի դասական երաժշտության համերգով:Նույն օրը ժամը 13.30-ին Պրահայի Հուսովա 8 հասցեում գտնվող Սուրբ Յիլիի եկեղեցում կմատուցվի Սուրբ Զատիկի պատարագ, իսկ եկեղեցու հարեւանությամբ գտնվող GH Art Gallery ցուցասրահում ժամը 19.00-ին կբացվի հայ եւ օտար նկարիչների ցուցահանդես: Ապրիլի 24-ին ժամը 12.00-ին Յիհլավա քաղաքի Սուրբ Հոգու եկեղեցում տեղի կունենա ժամերգություն` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կկատարվի նաեւ Սուրբ Զատիկի ավանդական արարողությունը, իսկ Խաչքար հուշարձանի մոտ «Հանուն խաղաղության»միջոցառմանը կմասնակցեն նաեւ Յիհլավայի Արվեստի գրաֆիկական դպրոցի սաները։