ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին չկատարեց իր խոստումը`ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը:
Ինչպես հաղորդում է ANCA-ն, հայտարարության մեջ նշվում է, որ Օբաման, Թուրքիայի ճնշման տակ չկատարելով իր խոստումը, կրկին հրաժարվեց իր խոսքերից, հայտարարությունից, թե ԱՄՆ-ը արժանի է նախագահի, ով կարտասանի «ցեղասպանություն» բառը:
«Թուրքիայի սպառնալիքների առջեւ նախագահ Օբամայի ամոթալի կապիտուլյացիան, նրա մեղսակցությունը Թուրքիայի ուրացումներին եւ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նրա վարչակազմի ակտիվ հակազդեցությունը ճիշտ հակառակն են սկզբունքային եւ ազնիվ փոփոխությունների, որ նա խոստացել էր կատարել այդ ոճրագործությանը մեր երկրի արձագանքի հարցում»,- ասել է Խաչիկյանը:
Նա նաեւ հավելել է, թե ԱՄՆ-ում, Հայաստանում, ողջ աշխարհում ապրող հայերը խիստ հիասթափված են նախագահ Օբամայի հայտարարություններից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահ դառնալուց ի վեր երրորդ անգամ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ավանդական ուղերձով դիմել է հայ համայնքին: Սակայն, ինչպես նախորդ անգամներին, այս անգամ եւս նա օգտագործել է «Մեծ Եղեռն» եզրը, չցանկանալով 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցածը որակել որպես Ցեղասպանություն:
Նա իր գրավոր ուղերձում Բարաք Օբաման 20-րդ դարասկզբին Թուրքիայում 1,5 մլն հայերի զանգվածային կոտորածներն անվանել է «20-րդ դարի ամենամեծ հանցագործություններից մեկը»: Օբաման նաեւ ասել է, որ «պատմության վիճելի էջերը ապակայունացնում են ներկան եւ ստվեր գցում իրենց կյանքը նվիրաբերած մարդկանց հիշատակին: Ամերիկան հստակ գիտի դա, քանի որ իր պատմության մեջ էլ կան մութ էջեր»:
«Ես բազմաթիվ անգամ իր կարծիքն եմ արտահայտել, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին եւ իմ կարծիքը պատմությանը չի փոխվել: Փաստերի ամբողջական, արդարացի եւ ազնիվ ճանաչումը բխում է մեր շահերից: Ես աջակցում եմ երկխոսությանն ուղղված հայերի ու թուրքերի քայլերին` որում ընդունվում են նրանց ընդհանուր պատմության փաստերը»,- ասել է ԱՄՆ նախագահն ու ընդգծել է հայերի մեծ ներդրումը ԱՄՆ կյանքի տաբեր ոլորտներում:
Նշենք, որ ԱՄՆ նախագահը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, սակայն դեռեւս այն չի կատարել:





























