Հայաստանը ճիշտ ռազմավարություն չի ընտրել Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում: Այսօր`ապրիլի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բեյրութում ապրող սփյուռքահայ բանաստեղծ, հրապարակախոս Սագօ Արեանը: «Մենք չպետք է մեր ցավը լանք, հերիք է, աշխարհի խնդիրն է ցեղասպանության մասին խոսել կամ չխոսել, մեր խնդիրները ուրիշ են: Երբ ապրիլի 24-ն անընդհատ չարաշահում ենք, մենք հեռանում ենք մեր իդեալներից: Մեզնից շատերը նաեւ հոգնել են ցեղասպանության ոգեկոչումը զուտ ցուցադրական ակցիայի վերածելուց»,-ասաց հրապարակոսը: Նրա խոսքով`երբ մենք վառում ենք մոմը Եղեռնի զոհերի հիշատակին, պետք է նաեւ հիշենք, որ այդ զոհերի հիշատակը շոու դարձնելը վիրավորական է ու համազոր մեղքի:
Հրապարակախոսի կարծիքով`այսօր մենք գտնվում ենք բավականին բարդ իրավիճակում. Մի կողմից` Թուրքիայի վարած քաղաքականությունը, մյուս կողմից էլ` ձուլվելու վտանգն է սպառնում մեզ:
Բանաստեղծի խոսքով` այսօր բոլորը մեծ-մեծ ճառեր են ասելու, սպառնալիքներ են տեղալու Թուրքիայի գլխին, բայց վաղն ամեն ինչ մոռանալու ենք ու շարունակելու ենք մեր կյանքը: «Մենք հստակ ու մանավանդ իրատեսական ծրագիր չունենք, դրա համար դարձել ենք մեր սերմից զզվող հանրություն. մենք այս մասին պետք է խոսենք բարձրաձայն. ու պետք է մտածենք ավելի շատ մեր անելիքների մասին, քան թե հոխորտանք մեր անցյալով կամ աշխարհից մի կաթիլ ողորմություն ու գութ մուրանք: Իհարկե եթե մենք մեզ ազգ ենք համարում»,- ասաց նա:
Սագօ Արեանը կարծում է, որ մեզ այսօր հարկավոր է ճշմարիտ գործ, այլապես մենք կանցնենք պատմության գիրկը, ու մեր հիշատակը կդառնա փոշի:




























