Ճապոնիայի կառավարությունը մտադիր է մոտ 25 հազ. զինվոր ուղարկել երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածներին փնտրելու: Բացի ցամաքային ուժերից, որոնողական աշխատանքներին կմասնակցեն նաեւ ռազմաօդային ուժերն ու ծովային նավատորմը, հաղորդում է Associated Press-ը:
Աշխատանքներում կներգրավվեն 90 օդանավեր եւ ուղղաթիռներ, 50 մոտորանավեր: Ճապոնիայի կառավարությունում կարծում են, որ ակտիվ որոնողական աշխատանքները կտեւեն երկու օր, սակայն չեն բացառում, որ ժամկետն ավելացվի:
Հաղորդվում է նաեւ, որ Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարությունը մտադիր է անասնաբույժերի խումբ ուղարկել վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի տարհանման գոտի: Մասնագետները զբաղվելու են առանց տերերի մնացած տնային կենդանիների վիճակով: Դրանցից մեծ մասն արդեն առանց խնամքի մնալու եւ սովի պատճառով սատկել է: Մասնագետները էվթանազիայի կենթարկեն անհույս վիճակում գտնվող կենդանիներին:
Ճապոնիայում 2011թ. մարտի 11-ին տեղի ունեցած 9,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի եւ դրան հաջորդած ցունամիի վնասը տվյալ պահին գնահատվում է 300 մլրդ դոլար:





























