ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ապրիլի 24-ի հայտարարությունը քննադատել է նաեւ Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, թե Օբամայի ելույթը ներկայացնում էր մի կողմի տեսակետը։ «Կցանկանայինք, որ դաշնակից ԱՄՆ նախագահը կիսեր նաեւ թուրքերի ցավը։ Սակայն մենք վճռականորեն շարունակելու ենք հիշատակել համաշխարհային պատերազմում մեր կրած դառնությունները։ Պատմական իրադարձությունները հասկանալու տեսանկյունից անբավարար է միակողմանի հայտարարությունը։ Հուսով ենք, որ այսուհետ բոլորը ավելի հեշտությամբ կհասկանան եւ կկիսեն մյուսի ցավը»,-նշել է Դավութօղլուն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահ դառնալուց ի վեր երրորդ անգամ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ավանդական ուղերձով դիմել է հայ համայնքին: Սակայն, ինչպես նախորդ անգամներին, այս անգամ եւս նա օգտագործել է «Մեծ Եղեռն» եզրը, չցանկանալով 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցածը որակել որպես Ցեղասպանություն:
Նա իր գրավոր ուղերձում Բարաք Օբաման 20-րդ դարասկզբին Թուրքիայում 1,5 մլն հայերի զանգվածային կոտորածներն անվանել է «20-րդ դարի ամենամեծ հանցագործություններից մեկը»: Օբաման նաեւ ասել է, որ «պատմության վիճելի էջերը ապակայունացնում են ներկան եւ ստվեր գցում իրենց կյանքը նվիրաբերած մարդկանց հիշատակին: Ամերիկան հստակ գիտի դա, քանի որ իր պատմության մեջ էլ կան մութ էջեր»:
«Ես բազմաթիվ անգամ իր կարծիքն եմ արտահայտել, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին եւ իմ կարծիքը պատմությանը չի փոխվել: Փաստերի ամբողջական, արդարացի եւ ազնիվ ճանաչումը բխում է մեր շահերից: Ես աջակցում եմ երկխոսությանն ուղղված հայերի ու թուրքերի քայլերին` որում ընդունվում են նրանց ընդհանուր պատմության փաստերը»,- ասել է ԱՄՆ նախագահն ու ընդգծել է հայերի մեծ ներդրումը ԱՄՆ կյանքի տաբեր ոլորտներում:
Նշենք, որ ԱՄՆ նախագահը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, սակայն դեռեւս այն չի կատարել:



























