Վրաստանի խորհրդարանի սփյուռքի եւ Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ Նուգզար Ցիկլաուրին կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարդ է եւ պահանջում է բոլոր պատմական փաստերի ուսումնասիրություն:
«Մենք միշտ մեծ ցավով ենք հիշում մեր երկու հարեւանների պատմության ողբերգական իրադարձությունները: Տարածաշրջանում Վրաստանի դիրքորոշումն անփոփոխ է` մենք ցանկանում ենք, որ բոլոր ժողովուրդներն ապրեն խաղաղ, առանց դիմակայությունների: Մենք կայունություն ենք ցանկանում: Դրանից ելնելով` նման որոշումն այնպիսի երկրի համար, ինչպիսին Վրաստանն է իր աշխարհաքաղաքական իրավիճակով, պայմանվորված է մի շարք հանգամանքներով: Մեր դիրքորոշումը պետք է խնամքով կշռադատված լինի», -հայտարարել է Ցիկլաուրին «Կովկաս օնլայնին» տված հարցազրույցում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վիրահայերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու խնդրանքով դիմել էին Վրաստանի նախագահին եւ խորհրդարանին :





























