Հեղինե Մարգարյան- Բաղդասարյանը Հայոց ցեղասպանության տարեկիցն է: Նա 4 ամսական է եղել, երբ ընտանիքի անդամները փախել են` գնդակոծություններից փրկվելու համար:

Հեղինե տատը հատուկ պատրաստվել էր NEWS.am-ի թղթակցի հետ հանդիպմանը, նա շատ բան է ցանկանում փոխանցել երիտասարդ սերնդին:

Պատմեց, որ փախել են Բիթլիսից: Փախել են 1915թ. մայիսին` տատը, մայրը` քրոջ հետ, հինգ թոռները: Վաղ մանկությունից սարսափելի պատմություններ է լսել հարազատների մահվան մասին:

«Մարդկանց զանգվածաբար փակել են խրճիթներում եւ այրել, սրով պատռել են հղի կանանց որովայնը, բռնաբերել են երկու յոթնամյա աղջնակների», - նման բաներ մենք լսել էին բազմիցս, սակայն Հեղինե տատը պատմում է, եւ ակամայից սարսռում ես. «Իմ հարազատ հորեղբոր ընտանիքին հավաքել են տան մեջ եւ կտրել գլուխները: Նրա որդի Միսաքը ուշաթափվել է, թուրքերը կարծել են, թե մահացել է, հեռացել են: Երեխան ուշքի է եկել գլխատված մարմինների մեջ»:

Սարսափելի է նաեւ Հեղինե տատի ամուսնու պատմությունը. թուրքերը մոր աչքի առջեւ կտրել են 14-ամյա եղբոր գլուխը:  9-ամյա տղան քրոջ հետ ոչ մի կերպ չի կարողացել հասկանել, թե ինչու է մայրն իրենց ասում «հեռացեք», բաց ինքը տեղից չի շարժվում: Նա այդպես էլ մնացել է սպանված  որդու հետ: Կենդանի մնացած երկու փոքրիկները մենակ են հասել Էջմիածին:

97-ամյա Հեղինե տատը հիմա ունի 6 երեխա, 14 թոռ եւ 25 ծոռ:

Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր նորմալացման դեպքում երիտասարդ սերնդին խորհուդ տալու մեր խնդրանքին ի պատասխան Հեղինե տատը  վստահ պատասխանեց. «Թուրքերի հետ գործ մի ունեցեք: Եթե սահմանը բացվի, կգան եւ կվերցնեն ինչ մնացել է»:  Ու նորից նրա հիշողության մեջ իրար հաջորդեցին հարազատների ու մերձավորներ պատմությունները` մեկը մյուսից սահմռկեցուցիչ…