Չպետք է մեծ կարեւորություն տալ այն խնդրին, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի՞ «ցեղասպանություն» բառն իր ապրիլքսանչորսյան ամենամյա ավանդական ուղերձում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Սարգիս Սերոբյանը:
«Ամբողջ աշխարհը սպասում է ԱՄՆ նախագահ Օբամայի ելույթին. հայերը տխրում են, որ չի ասում «ցեղասպանություն» բառը, իսկ թուրքերն էլ նեղվում են, որ ասում է Մեծ Եղեռն բառը: Պետք է մեր հոգսը չլինի, թե Օբաման ինչ կասի, որովհետեւ ինչ էլ ասի, ոչինչ չի փոխվի: Եթե ցեղասպանություն ասեր ի՞նչ պետք է փոխվեր աշխարհի քաղաքականության մեջ, ի՞նչ պետք է փոխվեր Հայաստանի համար, արտագաղթը պիտի կանգնե՞ր»,- ասել է «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիրը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահ դառնալուց ի վեր երրորդ անգամ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ավանդական ուղերձով դիմել է հայ համայնքին: Սակայն, ինչպես նախորդ անգամներին, այս անգամ եւս նա օգտագործել է «Մեծ Եղեռն» եզրը, չցանկանալով 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցածը որակել որպես Ցեղասպանություն:
Նա իր գրավոր ուղերձում 20-րդ դարասկզբին Թուրքիայում 1,5 մլն հայերի զանգվածային կոտորածներն անվանել է «20-րդ դարի ամենամեծ հանցագործություններից մեկը»: Օբաման նաեւ ասել է, որ «պատմության վիճելի էջերը ապակայունացնում են ներկան եւ ստվեր գցում իրենց կյանքը նվիրաբերած մարդկանց հիշատակին: Ամերիկան հստակ գիտի դա, քանի որ իր պատմության մեջ էլ կան մութ էջեր»:
«Ես բազմաթիվ անգամ իր կարծիքն եմ արտահայտել, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին եւ իմ կարծիքը պատմությանը չի փոխվել: Փաստերի ամբողջական, արդարացի եւ ազնիվ ճանաչումը բխում է մեր շահերից: Ես աջակցում եմ երկխոսությանն ուղղված հայերի ու թուրքերի քայլերին` որում ընդունվում են նրանց ընդհանուր պատմության փաստերը»,- ասել է ԱՄՆ նախագահն ու ընդգծել է հայերի մեծ ներդրումը ԱՄՆ կյանքի տաբեր ոլորտներում:
Նշենք, որ ԱՄՆ նախագահը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, սակայն դեռեւս այն չի կատարել:





























