Հայկական խորհրդարանը պետք է պաշտոնապես ճանաչի Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարում կատարված այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, անդրադառնալով ՀՀ ԱԺ-ին ուղղված Հայաստանի ասորական համայնքի ֆեդերացիայի դիմումին՝ պաշտոնապես ճանաչել Օսմանյան Թուրքիայում կատարված ասորիների ցեղասպանությունը։

Սաֆարյանի խոսքով, բարոյաէթիկական տեսանկյունից ճիշտ կլիներ, որ Հայաստանի խորհրդարանը ճանաչեր Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարում կատարված այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը։

Եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ ասորական համայնքի դիմումը կդրվի խորհրդարանական ուժերի քննարկմանը։ «Դժվարանում եմ ասել՝ ինչ որոշում կընդունվի, բայց կարող եմ ասել, որ հարցը կքննարկվի, եւ նման քննարկում կազմակերպելը նպատակահարմար է»,- նկատեց Զոհրաբյանը:

Իսկ ահա ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, որքան էլ տարօրինակ է, համակարծիք են այս հարցում։ Երկու պատգամավորներն էլ նշեցին, որ հայ ժողովուրդը կճանաչի ասորիների, հույների, եզդիների ցեղասպանությունները։ Միաժամանակ ե՛ւ Շարմազանովը, ե՛ւ Հովհաննիսյանը հրաժարվեցին ուղիղ պատասխան տալ այն  հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանի խորհրդարանում քրիստոնյա այլ ժողովուրդների ցեղասպանությունները ճանաչող պաշտոնական փաստաթուղթ ընդունվի։ «Այդ հարցը պետք է քննարկվի բոլոր քաղաքական ուժերի կողմից։ Դա պետական քաղաքականության հարց է»,- նշեց Հովհաննիսյանը։