Ռումինիայում ապրիլի 24-ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցել են հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաեւ ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ եւ ուսանողներ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բուխարեստի Սբ Հրեշտակապետաց Հայոց Մայր եկեղեցում Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի եւ Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ են դրվել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:
«Այսօր արդեն 20 տարի պետական ծրագրված քաղաքականություն է տարվում Հայաստանի դեմ, ինչը դրսեւորվում է Հայաստանը շրջափակելու միջոցով, միջազգային կազմակերպություններում հակահայ քայլերով ճնշում բանեցնելով մեր ժողովրդի կամքի վրա` հրաժարվելու իր իրավունքների պաշտպանությունից», ասել է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:
Մինչ այդ, Հայոց մշակութային տան ողջ երկարությամբ, Կարոլ Ա-ի պողոտայի դիմահայաց մասում, պաստառի վրա ցուցադրվել են Արմին Վեգների եւ այլոց վավերական լուսանկարները, որոնք պատմում էին հայերի տեղահանության եւ կրած տառապանքների մասին: Նկարաշարը ցուցադրվելու է մի քանի օր:
Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Բոտոշան, Գալաց, Բակաու, Ֆոկշան, Տուլչեա, Կլուժ, Գեռլա, Գեորգեն եւ Դումբրավեն քաղաքներում:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով Ռումինիայի Սենատում հանդես կգան սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, իսկ Պատգամավորների պալատում, պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:
Մայիսի վերջին նախատեսվում է Ռումինիայի գիտությունների ակադեմիայում կազմակերպել դասախոսություն Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի առաջին Հանրապետության վերաբերյալ:





























