Իրանի հայ համայնքում ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության օրվան նվիրված  միջոցառումները բավականին մարդաշատ են եղել, իսկ պահանջատիրության ոգին՝ բավականին ուժեղ, ինչի վկայությունը մինչեւ ուշ գիշեր երիտասարդների տարբեր կարգախոսներով համահավաքն է եղել: Այսօր՝ ապրիլի 25-ին, այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ալիք». օրաթերթի լրագրող Արմինե Էլիազյան: «Ալիք» օրաթերթի լրագրողն ասել է, որ իրանական լրատվամիջոցները եւս անդրադարձել են Հայոց ցեղասպանության 96-ամյա տարելիցին, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթին որեւէ կերպ չեն արձագանքել:

Նշենք, որ հատկապես լայնամասշտաբ միջոցառումներ են տեղի ունեցել Թեհրանում, Նոր Ջուղայում, իսկ Թավրիզում, նրա խոսքով, պասիվություն կար: Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում տեղի է ունեցել հսկումի արարողություն, իսկ հետո մեկնարկել է ավանդական ցույցը՝ մոմերով երթը դեպի Ս Ամենափրկիչ վանք: Բողոքի համահավաքին հաջորդել է «Ռուբեն» երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպված բաց զրուցարանը (talk show), ուր համայնքի երիտասարդները sms քվեարկություններով եւ բանավոր արտահայտություններով իրենց տեսակետներն ու առաջարկներն են հայտնել Հայ Դատի արդարացի լուծման, Հայոց ցեղասպանության հետեւանքով առաջացած կորուստների եւ Ցեղասպանության փաստն ուրանալու Թուրքիայի պատճառաբանությունների մասին:

Թավրիզի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում գտնվող Նահատակաց հուշարձանի մոտ կատարվել է հոգեհանգստյան արարողությունը, այնուհետեւ հատուկ սկաուտական երդումը: Թեհրանում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումները սկսվել են դեռ ապրիլի 19-ից՝ հայկական դպրոցների աշակերտների համահավաքով եւ կավարտվեն ապրիլի 28-ին: Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված գլխավոր միջոցառումը կկայանա ապրիլի 28-ին, առավոտյան ժամը 9.30-ից կմատուցվի պատարագ եւ կկատարվի հոգեհանգստի արարողություն, որից հետո տեղի կունենա բողոքի համահավաք եւ նախատեսված է նաեւ քայլարշավ: Նույն օրը երեկոյան «Արարատ» մարզավանում տեղի կունենա միջոցառում, որտեղ ելույթ կունենա Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն պատմաբան Աշոտ Մելքոնյանը: