Վրաստանը իր առջեւ նպատակ չի դրել արգելափակել Ռուսաստանի մուտքը Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն` մեկնաբանելով ապրիլի 28-ին կայանալիք բանակցությունների հերթական փուլը:
«Մենք Բեռն ենք գնում բանակցելու ոչ նրա համար, որ արգելափակենք Ռուսաստանի անդամակցությունը»,- ասել է Վաշաձեն եւ հավելել. «Մեր գործընկերները մեզ ընդամենը մեկ անգամ են ասել, որ Ռուսաստանի անդամակցությունն օգուտ կտա ողջ համաշխարհային տնտեսությանը: Մենք հրաշալի լսել ենք մեր գործընկերներին»:
Վաշաձեն վստահ է, որ Մոսկվայի եւ Թբիլիսիի լայնածավալ բանակցություններն «անպայման սկսվելու են»: «Չգիտեմ, թե երբ եւ որտեղ, բայց վստահ եմ, որ դրանք սկսելու են Վաշաձեն եւ Լավրովը: Սակայն Ռուսաստանը վաղ թե ուշ ստիպված է լինելու հավասարի պես բանակցել Վրաստանի հետ: Մեկ պարզ պատճառով, ուր էլ գնա ռուսաստանը, Վրաստանը դեմն է ելնում: Դա եւ ԱՀԿ-ն է, եւ Սպառազինությունների կրճատման պայմանագիրը եւ, ի դեպ, Եվրոպայում անվտանգության եւ կայունության նոր ճարտարապետության Մեդվեդեւի գաղափարը»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:
Բեռնում ապրիլի 28-ին կայանալու է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների երկրորդ փուլը ԱՀԿ-ին անդամակցության հարցով:





























