Ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգում, որ սահմանակից է Մեքսիկային, կործանվել է փոքր մի օդանավ, որը թմրավաճառներն օգտագործում էին կոկաինի տարանցման համար: Reuters-ի փոխանցմամբ, ավիավթարի մասին ոստիկանությանը հաղորդել են Սանտա-Ֆե քաղաքից 150 կմ հեռավորության վրա գտնվող Հերոն լճի վրա աշխատող տեղացիները:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու ջրասուզակները: Այդ ընթացքում օդանավն ամբողջությամբ սուզվել էր ջրի տակ, իսկ լճի մակերեսին սպիտակ փոշով բազմաթիվ փաթեթներ էին լողում: Պարզվել է, որ դա կոկաին է, եւ իրավապահները շրջափակել են լիճը:

Նախնական տեղեկություններով, ավիաաղետի արդյունքում օդանավում գտնվողներից ոչ ոք չի փրկվել:

Առայժմ չի պարզվել, թե ում է պատկանում կործանված օդանավը: