Մյուս թեկնածուների մասին չեմ կարող ասել, բայց մենք ակտիվ աշխատել ենք եւ հնարավորին արել ենք, որ մեծ հաջողություններով ավարտենք այս ընտրապայքարը: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը:
Նա նշեց, որ կողմնակից է եղել ընտրությունները հետաձգելուն՝ հաշվի առնելով մարդկանց առողջությանը. «Բայց նման որոշում չկայացվեց, ընտրությունների օրը չփոխվեց, եւ մեզ մնում էր ուղղակի մարդկանց կոչ անել, որ անհրաժեշտ հիգիենիկ պարագաներն օգտագործեն եւ չվնասեն իրենց առողջությունը»:
Հարցին, թե ինչով է բացատրվում ընտրողների ակտիվությունը, որ 3 ժամում արդեն 25 տոկոս մասնակցություն կա, Մասիս Մայիլյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մարդիկ ուզում են, որ լինեն փոփոխություններ, դրա համար չնայած վտանգներին, հանուն փոփոխության, հանուն ապագայի, իրենք դուրս են եկել եւ քվեարկում են: մարդիկ ուզում են, որ ավելի շատ արդարություն լինի, ուզում են, որ իրավական դաշտում բոլորը լինեն հավասար, արտոնյալներ չլինեն Արցախում: Նաեւ ուզում են, որ հստակ տարանջատում լինի բիզնեսի եւ իշխանության միջեւ: Ընդհանրապես, մարդիկ ուզում են, որ նոր Արցախ լինի, որ այն փոփոխությունները, որ հիմա տեղի են ունենում Հայաստանում, այդ բարեփոխումների պտուղներից իրենք էլ են ուզում օգտվել»:











