Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցում ժամը 22-ի սահմաններում ուժգին պայթյուն է որոտացել։
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթել է ՎԱԶ-2106 մակնիշի 02 ՍՏ 993 համարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը: Պայթյունի հետեւանքով վարորդը` 52-ամյա Հովսեփ Նազարյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Մահացածի դին մեքենայից հանելու համար դեպքի վայր են ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի 2-րդ խումբը, որը հատուկ տեխնիկայի միջոցով կտրել, առանձնացրել է թափքը:
Դեպքի վայրում են ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանի գլխավորությամբ, Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ, ԱԻՆ Երեւանի հրդեհային տեսչության աշխատակիցները:
Դեպքի վայրում մեծ թվով հետաքրքրասեր քաղաքացիներ են հավաքվել, եւ ՃՈ աշխատակիցները փորձում են վերացնել առաջացած խցանումը:
Այժմ սպասում են դատաբժշկին եւ դիակ տեղափոխող մեքենային, որ դիակը տեղափոխեն դիահերձարան:
Պայթյունն այնքան հզոր է եղել, որ վնասվել է նաեւ մեքենայի դիմաց կայանված Opel-Vectra մակնիշի 09 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենան, նաեւ կոտրվել են հարեւանությամբ գտնվող շինանյութի խանութի ապակիները:









Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























