Ռուսաստանցի հայ գործարար Գագիկ Եգորյանին առեւանգած Ռուսաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցների նկատմամբ դատարանը մեղմ վճիռ է կայացրել։ Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, հանցագործությունը այդպես էլ ամբողջությամբ չի բացահայտվել, քանի որ քննիչները չեն կարողացել հայտնաբերել առեւանգման պատվիրատուներին, կազմակերպիչներին եւ միջնորդներին։ Չնայած նշված հանգամանքին, հայ գործարարի առեւանգման գործը լայն քննարկում է առաջացրել, քանի որ դեպքի վայրում հայտնաբերված առեւանգողները Ռուսաստանի ՆԳՆ օրինակելի աշխատակիցներ են եղել։
Ըստ աղբյուրի՝ քննիչները 43-ամյա գործարարի «առեւանգման» հոդվածը քննության ընթացքում փոխել են, որպես «ազատությունից ապօրինի զրկել»։ Արդյունքում առեւանգող 4 ոստիկանները պատժվել են 4-6 տարի ազատազրկումով։
Հիշեցնենք, որ Գագիկ Եգորյանին առեւանգել էին 2010 թ. օգոստոսի 28-ին Մոսկվայի «Կռիլատիե Խոլմի» փողոցում։ Ոստիկանական համազգեստով, 4 զինված անձինք «Ford Focus» մեքենայից արագ դուրս գալով, նետվել են դեպի Եգորյանը, եւ «պառկիր տականք, ՕՄՕՆ-ն է» գոռալով ձերբակալել են նրան։ Եգորյանի կինը փորձել է խոչընդոտել, սակայն նրան ոտքի հարվածներով մի կողմ են «շպրտել»։ Կինը 2 կողոսկրի կոտրվածք է ստացել։ Մինչ այդ առեւանգողները Եգորյանին դաժանաբար ծեծել են՝ կոտրելով գանգոսկրը, եւ դիմոսկրերը։ Դրանից հետո Եգորյանին «նետել են» մեքենայի ետեւի նստատեղին, ու դիմել փախուստի։
Հայ գործարարին հայտնաբերել են պարզապես պատահականության շնորհիվ։
Առեւանգող իրավապահները ամբողջությամբ խոստովանել են իրենց մեղքը, սակայն հրաժարվել են հայտնել պատվիրատուների անունները։




























