«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տարածքում կառուցված եկեղեցում ապրիլի 24-ին դատապարտյալները մասնակցել են պատարագի:

ԱՆ Քրեակատարողական վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությանը մասնակցել են քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռ.Հովհաննիսյանը, վարչության պետի տեղակալ Մ.Հարությունյանը եւ «Էրեբունի» ՔԿՀ վարչակազմը` հիմնարկի պետ Հ.Պետրոսյանի գլխավորությամբ:

Հայր Ռուբենը ուրախությամբ նշել է ձեւավորվող համագործակցության եւ քրեակատարողական ծառայության պատրաստակամության համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ պատարագի կազմակերպումը, ինչպես նաեւ տարբեր ձեռնակների միջոցով ազատազրկվածների հոգեւոր կանոնավոր խնամատարությունը:

Սուրբ պատարագի ավարտին եկեղեցու հարեւանությամբ տեղակայված խաչքարի մոտ, որը կառուցվել է 1988թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակին, կատարվել է նաեւ հոգեհանգիստ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի: