Հայաստանի իշխանությունները թույլ տալով Հայ ազգային կոնգրեսին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, բոլորովին ընդառաջ չեն գնում ՀԱԿ-ի պահանջներին, նրանք ուղղակի բարի կամք են դրսեւորում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, մեկնաբանելով այն փաստը, որ Երեւանի քաղաքապետարանը 2008 թվականի մարտի 1-ից ի վեր առաջին անգամ ի գիտություն է ընդունել Ազատության հրապարակում ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնելու ՀԱԿ-ի իրազեկումը:
Նրա խոսքով, իշխանություններն արդեն մի քանի անգամ թույլ են տվել ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, եւ վստահ լինելով, որ ընդդիմություն չի ձեռնարկի ոչ մի անօրինական քայլ, այս անգամ արդեն քաղաքապետարանի որոշմամբ են դա թույլ տվել:
Միաժամանակ, Պետրոսյանը խորհուրդ է տվել այս քայլերը չհամարել որպես իշխանությունների նախընտրական PR: «Դա ուղղակի բարի կամքի դրսեւորում է»,- բացատրել է Պետրոսյանը:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր ի գիտություն է ընդունել Ազատության հրապարակում ՀԱԿ-ի ապրիլի 28-ի հանրահավաքի իրազեկումը: Սա առաջին դեպքն է 2008-ի մարտի 1-ից ի վեր:





























