Վրացի քաղաքագետ Լեւան Ուրուշաձեն չի բացառում, որ Վրաստանի Ագ նախարար Գրիգոլ Վաշաձեն իր Երեւան այցելության ժամանակ կքննարկի նաեւ ռուսական ռազմական բեռների տարանցման մասին ռուս-վրացական համաձայնագիրը օրերս Վրաստանի խորհրդարանի կողմից չեղյալ համարելու խնդիրը:

Լեւան Ուրուշաձեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կասկած է հայտնել, որ այդ դեպքում կարող են խնդիրներ ծագել Հայաստանի անվտանգության հետ կապված:

«Ես կարծում եմ, որ դա կարող է ազդել Հայաստանի անվտանգության վրա, քանի որ ռուսական ռազմակայանները միշտ եւ ամենուր ապահովում են միայն Ռուսաստանի անվտանգությունը: Ռուսաստանը դեռեւս կայսրություն է եւ անհեթեթ է ենթադրել, որ այդ կայսրությունն իր անվտանգությունից բացի, մտածում է նաեւ այլ երկրների անվտանգության մասին»,- ասել է վրացի քաղաքագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Միխայիլ Սահակաշվիլին իր երկրի խորհրդարանին առաջարկել էր չեղյալ հայտարարել ռուսական ռազմական բեռների տարանցման պայմանագիրը: Պայմանագիրը կնքվել էր հինգ տարով եւ դրա ժամկետն ավարտվում է այս տարվա նոյեմբերին: Վրաստանը որոշել է չերկարաձգել այդ պայմանագիրը:  Ի դեպ այն չէր գործում 2008թ. դեպքերից հետո, ուստի չեղյալ հայտարարումը բացառապես քաղաքական դեմարշ է: