Հայաստանի կենտրոնական բանկը 2011 թ. սպասում է տրանսֆերտների աճ: Այս կանխատեսումը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր` ապրիլի 26-ին ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը:
Հաշվի առնելով նավթի գների բարձր մակարդակը`սպասվում է, որ Ռուսաստանում (այն տրասֆերտների հիմնական աղբյուրն է), եկամուտների անկում 2011 թ. չի լինի: Սակայն եթե նույնիսկ 2011 թ. տրանսֆերտները կրճատվեն, ապա, ըստ Վ. Վարդանյանի, Հայաստանի ֆինանսական կայունությունը դրանից չի տուժի: Նա հիշեցրեց, որ 2009 թ. ունեցել ենք տրանսֆերտների մեծ անկում (մոտ 41 տոկոս), ինչի հետեւանքով վատթարացել է վարկերի որակը (խնդիրներ են առաջացել դրանց մարումների ընթացքում):
Նշենք, որ 2010 թ. Հայաստան մուտք է եղել ավելի քան 1 մլրդ դոլար տրասֆերտ, որի 88 տոկոսը` Ռուսաստանից:
Հիշեցնենք, որ մինչճգնաճամային շրջանում (2003-2007 թթ.) բանկային համակարգի միջոցով ոչ առեւտրային փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան աճում էր տարեկան 30-40 տոկոսով, 2008-ին այդ աճը կազմեց 24 տոկոս, իսկ 2009-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազեց 41տոկոսով:



























