Հայաստանը հետաքրքրված է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տնտեսական կապերի խորացմամբ, մասնավորապես` զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ադամանդագործության, սննդարտադրության եւ այլ ոլորտներում: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ԱՄԷ գործարար կանանց պատվիրակության մասնակցությամբ Երեւանում կայացած «Կլոր սեղանի» ժամանակ:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 25-28-ին Հայաստանում է գտնվելու ԱՄԷ գործարար կանանց խորհրդի նախագահ շեյխա Հինդ ալ-Կասիմիի գլխավորած պատվիրակությունը:
Տիգրան Դավթյանը հույս է հայտնել, որ Հայաստան կատարած այցելությունը կօգնի գործարար կանանց բացահայտելու համագործակցության հեռանկարային նոր հնարավորություններ, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եւ ներդրումային ծրագրերի շրջանակներում ձեռք բերելու փոխշահավետ պայմանավորվածություններ:
«Ցանկալի կլինի ակտիվացնել գործարարների փոխայցելությունները, ինչն իր հերթին կնպաստի երկու երկրների բիզնես շրջանակների փոխգործակցության ընդլայնմանը եւ կապերի ամրապնդմանը», - շեշտել է էկոնոմիկայի նախարարը:
Շեյխա Հինդ ալ-Կասիմին իր հերթին ընդգծել է, որ ԱՄԷ գործարարները մեծապես հետաքրքրված են կապեր հաստատելու հայ գործարարների հետ եւ ներդրումային ծրագրեր իրականացնելու Հայաստանում:
«Կլոր սեղան»-ի ընթացքում հայկական կողմը հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, քննարկվել են զբոսաշրջության, սննդարդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Այցի շրջանակներում ԱՄԷ գործարար կանանց պատվիրակությունը կայցելի մի շարք ընկերություններ` առկա հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:




























