Մեծ Բրիտանիայի բնակկոմումալ տնտեսության նախարար Ռոբերտ Ջենրիկը հայտարարել է, որ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնն իրեն լավ է զգում, եւ սպասվում է, որ նա շուտով կվերադառնա իր օֆիս, հայտնում է Reuters-ը: 

«Նա հիվանդանոցում կմնա այնքան, որքան պահանջվի, բայց ես լսել եմ, որ նա իրեն լավ է զգում, եւ անհամբերությամբ եմ սպասում նրա արագ վերադարձին»,- BBC radio-ի եթերում ասել է Ջենրիկը:

«Սա շտապ միջոցառում էր, եւ ես, իհարկե, սպասում եմ, որ նա շուտով կվերադառնա թիվ 10 տուն»,- հավելել է Ջենրիկը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված Ջոնսոնը նախօրեին հոսպիտալացվել էր: Հոսպիտալացման պատճառն էին 10 օրվա ընթացքում չվերացած վարակման ախտանիշները: Երկրի վարչապետն այս գիշերը հիվանդանոցում է անցկացրել: