Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, այսօր` ապրիլի 26-ին, լսվեց NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության դեմ ներկայացված դատական հայցը: Հայցը, որպես այդպիսին, այդպես էլ չքննվեց, քանի որ հայցվոր կողմի` Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը միջնորդեց հետաձգել դատալսումը, քանի որ, իր խոսքով, ինքը պատրաստ չէր դատաքննությանը: Փաստաբանի «անպատրաստության» պատճառը, պարզվեց, նրա բարեկամներից մեկի հետ տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային դժբախտ պատահարն էր: Պատասխանող կողմն` ի դեմս NEWS.am-ի հիմնադիր «Մեդիա-Կոնսալտ» ընկերության ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանի ու Դիանա Գրիգորյանի, չառարկեցին միջնորդությանը:

Սակայն, հանկարծակի հայցվոր կողմը անհասկանալի պատճառներով գրգռվեց` խորհուրդ տալով պատասխանող կողմի ներկայացուցիչներին հետեւել «էթիկայի կանոններին»: Փաստաբան Դիանա Գրիգորյանը փորձեց պարզաբանել, թե այդ ո՞ր  «էթիկայի կանոնների» խախտման մասին է խոսքը, եթե իրենց կողմից ոչ մի առարկություն հայցվորի միջնորդության հետ կապված չի ներկայացվել: Կողմերի երկխոսությանը միջամտեց գործով նախագահող դատավորն ու տեղին համարեց Գրիգորյանի դիտողությունը: Նա առաջարկեց, որպեսզի պատասխանող կողմը ներկայացնի գործին առնչվող փաստաթղթերը, որպեսզի դատարանին հնարավորություն տրվի գործի քննությունը հետաձգելու ընթացքում ծանոթանալ դրանց: Պատասխանող կողմը նշեց, որ ներկայացնելու փաստաթղթեր ունի, սակայն դրանք առայժմ չի ներկայացնի, քանի որ դեռեւս նախնական դատական նիստ է ընթանում: Պատասխանող կողմն առաջարկեց նաեւ հաջորդ դատական նիստը նշանակել հնարավորինս շուտ`պահպանելով ողջամիտ ժամկետի սկզբունքը, քանի որ դատական պրոցեսը դոփում է նույն տեղում:

Դատարանը բավարարեց հայցվորի միջնորդությունը եւ հետաձգեց դատական նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 25-ին:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի դեմ ներկայացված հայցի համար հիմք է հանդիսացել լրատվական գործակալության 2010 թ. նոյեմբերի 23-ին տպագրված հոդվածը: Այն վերաբերում էր Հայաստանի քաղաքացի Հովհաննես Կաթրջյանին, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեղադրել էր վերոնշյալ բժշկական կենտրոնին` իրեն խաբելու եւ 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ, էժանագին սարք տեղադրելու մեջ: Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն էլ որոշել էր, թե NEWS.am-ը լուրջ հարված է հասցրել իր պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին եւ հայց է ներկայացրել դատարան՝ լրատվամիջոցից 2 միլիոն դրամ պահանջելով: Հայցը ներկայացվել է իրավաբանական անձ չհանդիսացող կայքի, այլ ոչ թե հիմնադիր «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի դեմ: