Ադրբեջանական կողմը շարունակում է կրակել սահմանամերձ տարածքների ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Պատասխանելով հարցին, թե ի՞նչ վիճակ է տիրում շփման գծում գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից հետո, մարզպետը նշեց, որ ադրբեջանական զինուժը շարունակում է կրակել հայկական սահմանամերձ տարածքների ուղղությամբ` դժվարացնելով գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը:

Մարզպետը նշեց նաեւ, որ անհրաժեշտ է ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիների եւ զինված ուժերի միջեւ: «Այդ հարցը մենք բարձրացնում ենք ԵԱՀԿ համանախագահների, մասնավորապես` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ ամեն մի հանդիպման ժամանակ»,-հայտնեց Ղուլարյանը: Նա նշեց, որ անմիջական կապի հաստատումը կօգնի կրճատել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվն ու էապես կթեթեւացնի սահմանի երկու կողմերում ապրող գյուղացիների կյանքը:  

Նշենք, որ 2011 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանը շուրջ 2500 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Այդ թվում, ադրբեջանական զինված ուժերը  370 անգամ կիրառել են «ՍՎԴ», 93 անգամ` խոշոր տրամաչափի սպառազինություն: