Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Վրաստանի կառավարությանը 50 հազար եվրո տուգանք վճարել Սանդրո Գիրգվիլիանիի ընտանիքին։ Ինչպես տեղեկացնում է newsgeorgia.ru-ն, «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Գիրգվիլիանիին 2006թ. հունվարի 28-ին սպանված են հայտնաբերել Թբիլիսիի Օքրոքանա գերեզմանատանը։ Քննությունը բացահայտել է, որ նրան սպանել են թբիլիսյան բարերից մեկում տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Մարդասպանները Վրաստանի ներքին գործերի նախարարության նախկին բարձրաստիճան 4 աշխատակիցներ են եղել։ Դատարանը վճիռ է կայացրել, սակայն արդյունքում մարդասպանները ազատ են արձակվել համաներումով։
Ստրասբուրգի դատարանը, որոշման մեջ նշել է, որ Վրաստանի իշխանությունը համաներում տարածելով սույն գործով դատապարտված մարդասպանների վրա, անտեսել է Եվրակոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը նախատեսում է մարդու կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքի դրսեւորում, ինչպես նաեւ 38-րդ հոդվածը, որի համաձայն, երկրի կառավարությունը պարտավորվում է համագործակցել դատարանի հետ փաստերի հայտնաբերման ուղղությամբ։
Մարդու իրավունքների դատարանը զարմանք է արտահայտել արդարադատությանը խոչընդոտելու Վրաստանի իշխանության տարբեր ճյուղերի կատարած միասնական աշխատանքի կապակցությամբ։ Որոշման մեջ նշվել է, որ Գիրգվիլիանիի սպանության գործի քննությունն իրականացվել է բազմաթիվ թերություններով։
Հիշեցնենք, որ Սանդրո Գիրգվիլիանիի սպանությունը 2006թ. Վրաստանի նախագահական ընտրություններում լայն քննարկման առարկա էր դարձել։ Ընդդիմությունը հայտարարում էր, որ քննությունը թաքցրել է սպանության հետ Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների կապը։





























