Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ նենսի Փելոսիի եւ Դեմոկրատական կուսակցության խմբակցության քարտուղար Սթենի Հոյերի հրապարակային հայտարարությունները` կապված հայոց ցեղասպանության մասին բանաձեւը Կոնգրեսի վերջին նստաշրջանում քվեարկության չդնելու որոշման հետ:

«Մենք գնահատում ենք Նենսի Փելոսիի եւ Սթենի Հոյերի հին բարեկամությունը հայկական համայնքի հետ, բայց երախտագիտություն հայտնելով նրանց նախկինում այդ բանաձեւին աջակցելու համար, մենք ցանկանում ենք ընդգծել, որ չենք կիսում նրանց տեսակետը, թե իբր այդ բանաձեւը բավարար աջակցություն չուներ երկու կուսակցությունների մեծամասնության կողմից, ուստի չի դրվել քվեարկության»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա նշել է, որ Նենսի Փելոսին եւ Սթենի Հոյերն ունեին մեծամասնության աջակցությունը 252-րդ բանաձեւ հետ կապված, ինչպես նաեւ ինչպես նաեւ իշխանություն եւ հնարավորություն այդ բանաձեւն անցկացնելու համար: «Այդուհանդերձ, նրանք որոշեցին թույլ չտալ քվեարկություն: Եթե նրանք քաղաքական կամք դրսեւորեին եւ ներառեին Հայոց ցեղասպանության բանաձեւն օրակարգում, դա հնարավոր էր, դժվար քվեարկություն կլիներ որոշների համար, բայց անկասկած, դա կլիներ մեծամասնության քվեարկությունը հօգուտ նրա, որ ԱՄՆ-ը այդ հարցում լիներ ճշմարտության կողքին, թեեւ Սպիտակ տան ընդդիմությանը»,- հավելել է Համբարյանը: