Արցախի ընտրությունները մեծ կարևորություն ունեն երեք տեսանկյունից՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ գործընթացի տեսանկյուններից: Այս մասին Հանրային ՀԸ հետ հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Արցախի ընտրություններով իրականացվում է հանրային կյանքը կառավարելու Արցախի ժողովրդի մարդու իրավունքը: Ընտրված իշխանություններն Արցախում շարունակելու են ապահովել Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգությունը: Բնականաբար, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը: Եվ ի վերջո, Արցախի ընտրված իշխանությունները պետք է ստանան, ունենան Արցախի ժողովրդի մանդատը՝ ներկայացնելու վերջիններիս բանակցային գործընթացում:  Այս առումով ընտրություններն առավել քան կարևոր են», ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Կորոնավիրուսի պատճառով ընտրությունները չհետաձգելու մասին Արցախի իշխանություններն իրենց որոշումն ընդունել են, ըստ Զոհրաբ Մնացականյանի,  հաշվարկելով բոլոր հնարավոր ռիսկերը:

«Այո՛, ափսոս, որ դիտորդների  առաքելությունը խափանվեց կորոնավիրուսի պատճառով, բայց ի վերջո ընտրություններն Արցախի ժողովուրդն իրականացնում է իր, և ոչ թե՝ դիտորդների համար: Արցախի իշխանություններն ընդունեցին այդ որոշումը, և մենք հարգում ենք այդ որոշումը», ասել է ՀՀ արտգործնախարարը: