Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Այս մասին հայտնում են Արցախի «Տեղեկատվական շտաբի» ֆեյսբուքյան էջում:

Քննարկվել են հանրապետությունում հիվանդության արձանագրված դեպքերի եւ ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված հարցեր:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ ընդգծելով, որ ընդունվող որոշումների մասին ըստ անհրաժեշտության անմիջապես կտեղեկացվի բնակչությանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: