Նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը եռակողմ հեռախոսային բանակցություններ են անցկացրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Առաջնորդների հեռախոսազրույցի գլխավոր թեմաներից մեկն էր նոր ՕՊԵՔ+ գործարքը։ Պետությունների ղեկավարները սատարել են համաձայնագիրն ու շեշտել այդ պայմանավորվածությունների մեծ նշանակությունը։
Բացի այդ, Պուտինը, Թրամփն ու Սալմանը քննարկել են ռազմավարական անվտանգություն ապահովելու արդի հարցերն ու պայմանավորվել կապ պահպանել դրանց շուրջ։
Ընդ որում՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներն անցկացրել են առանձին երկկողմանի հեռախոսազրույց եւ փոխանակել կարծիքներ նավթի շուկայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բացի այդ, Պուտինը շնորհավորել է Թրամփին եւ ամերիկացի քրիստոնյաներին այսօր նրանց կողմից նշվող Զատկի տոնի կապակցությամբ։
Այսօր ՕՊԵՔ+ը ձեռք է բերել վերջնական համաձայնություն նավթի արդյունահանման կրճատման շուրջ։ Բանակցություններին մասնակցած աղբյուրների հաղորդմամբ՝ կողմերը պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումն օրական 9.7 միլիոն բարելով։
Մեքսիկան, որի պատճառով բանակցությունները տեւել են չորս օր, համաձայնվել է կրճատել արդյունահանումը 100 հազար բարելով, մնացած 300 հազարը կհատուցվի ԱՄՆ-ի կողմից, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր։
Ընդհանուր առմամբ ՕՊԵՔ+ը պատրաստվում է բոլոր նավթարդյունահանող պետությունների մասնակցությամբ կրճատել արտադրությունը՝ հասցնելով օրական 19 միլիոն բարելի՝ սկսած մայիսի 1-ից։





























