Աֆղանստանի իշխանությունները «Թալիբան» արմատական շարժման 361 անդամի են ազատ արձակել բանտերից, հայտնել է Աֆղանստանի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջավիդ Ֆեյսալը:
«Կառավարությունը նախագահի` մարտի 11-ի հրամանագրով Բահրամի բանտից 361 թալիբի է ազատ արձակել»,- գրել է Ֆեյսալը Twitter- ի իր էջին` հավելելով, որ գործընթացը կշարունակվի հրամանագրի համաձայն, մինչեւ ազատ արձակվի արմատական շարժման 1500 անդամ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր 300 թալիբի ազատ արձակման մասին, իսկ «Թալիբան» շարժումը, իր հերթին, ազատ է արձակել 20 գերիների եւ նրանց տեղափոխել է Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար նահանգում տեղակայված Կարմիր խաչի միջազգային կոմիտե:
Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը կողմերին կոչ է արել արագացնել գերիների փոխանակման գործընթացը: Նա նաև նշել է, որ բանտերում կորոնավիրուսի հավանական համաճարակը լուրջ վտանգ է ներկայացնում, ինչը եւս մեկ հիմք է անհապաղ գործելու համար:
Փետրվարի վերջին Քաթարում տեղի ունեցած արարողության ժամնակ Միացյալ Նահանգները եւ «Թալիբան»-ը ստորագրեցին ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում առաջին խաղաղ համաձայնագիրը, որը նախատեսում է 14 ամսվա ընթացքում օտարերկրյա զորքերի դուրսբերում Աֆղանստանից եւ միջաֆղանական երկխոսության սկիզբ մարտ ամսին` գերիների փոխանակման գործարքից հետո:





























