ԱՄՆ Կոնգրեսի Սենատի նախկին աշխատակցուհին պնդում է, որ գրեթե 30 տարի առաջ կորցրել է աշխատանքն այն բանից հետո, երբ ղեկավարությանը տեղեկացրել է Ջոզեֆ Բայդենի կողմից սեռական ոտնձգությունների մասին, ով այժմ ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկն է Դեմոկրատական կուսակցությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The New York Times-ը:

Ինչպես հետեւում է նյութից, խոսքը Թարա Ռիդի մասին է, ով Բայդենի օգնականն էր, երբ նա սենատոր էր Դելավեր նահանգից: Ավելի վաղ Ռիդը բազմիցս մամուլում հայտարարել էր, որ սեռական բնույթի բռնի գործողությունների է ենթարկվել Բայդենի կողմից: Անցյալ շաբաթ նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանության մայրաքաղաքային բաժանմունք: Կինը պնդում է, որ 1993-ին Կապիտոլիումի միջանցքներից մեկում Բայդենն առանց թույլտվության համբուրել է նրան, հպվել, ինչպես նաեւ պնդել է ինտիմ հարաբերություններ ունենալ:

Թերթի լրագրողները խոսել են Ռիդի, ինչպես նաեւ այն մարդկանց հետ, ովքեր այդ ժամանակ նրա գործընկերներն էին: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Ռիդը հայտնել է, որ 1993 թվականին որոշում էր կայացրել բողոք չներկայացնել ոստիկանություն: Փոխարենը, նա հայտնել էր, որ ոտնձգությունների է ենթարկվել Բայդենի կողմից նրա երեք ավագ օգնականներին, իսկ ավելի ուշ տեղյակ էր պահել Սենատի կադրերի բաժնին: Նա չէր պատմել հենց այն միջադեպի մասին, որը, իբր, տեղի էր ունեցել միջանցքում: Ըստ Ռիդի, ի վերջո, ոչ ոք որեւէ գործողություն չձեռնարկեց Բայդենի նկատմամբ: Շուտով կնոջը հայտնեցին, որ նա հարմար չէ իր զբաղեցրած պաշտոնի համար: Նրան մեկ ամիս ժամանակ  տվեցին` նոր աշխատանք գտնելու համար:

Տարբեր վարկածներ

Նյութում նշվում է, որ այն անձինք, ովքեր այդ ժամանակ Ռիդի եւ Բայդենի գործընկերներն էին, այդ թվում` վերջինիս ավագ օգնականները, չեն հաստատել կնոջ վարկածը: Լրագրողներին չի հաջողվել նաեւ գտնել կնոջ կողմից 1993 թվականին, իբր, Բայդենի դեմ, ներկայացրած բողոքը:  Միեւնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, Ռիդի երկու ընկերուհիները եւ նրա եղբայրը պարբերականի աշխատակիցներին հայտնել են, որ կինը նախկինում պատմել է նրանց կատարվածի մասին:

Պարբերականնը նշում է, որ ավելի վաղ յոթ կին եւ հայտնել էին թերթի լրագրողներին, որ անհարմար են զգազել իրենց  Բայդենի որոշ գործողությունների, այդ թվում` կպչուն համբույրների, գրկախառնությունների եւ հպումների պատճառով: Նրանցից ոմանք նշել են, որ Ռիդի ներկայացրած վարկածն իրական են համարում: Բայդենի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռիդի պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որի ժամանակ, ինչպես սպասվում է, Բայդենը նախագահի թեկնածու կհայտարարվի, նախատեսված է օգոստոսի կեսերին Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում: ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: