ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։
Նա հայտնեց, որ անձնական երաշխավորություն ներկայացրած պատգամավորներն են՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Հայկ Սարգսյանը, Սիսակ Գաբրիելյանը, Սերգեյ Ատոմյանը եւ Ռուստամ Բաքոյանը։
Բատիկյանը հայտնեց, որ ապրիլի 23-ին վերաքննիչ բողոքի քննություն է նշանակված, բողոքի քննության մեջ մտնում է նաեւ գրավի կիրառելիությունը, փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, որ անձնական երաշխավորությամբ խափանման միջոցը փոխելու քննարկումն ավելի շուտ կատարվի:
Նա հայտնեց, որ Մարտիրոսյանն ունի առողջական խնդիրներ, համավարակով պայմանավորված նա գտնվում է ռիսկային խմբում. «Խոսել եմ իր հետ առողջական խնդիրներ ունի, ռիսկային խմբում է քանի որ 61 տարեկան է»։
Հիշեցնենք, որ Ստեփան Մարտիրոսյանը մեղադրվում էր «Հայբիզնեսբանկի» սեփականատեր, ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար։





























