Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հիվանդանոցներում գտնվող մարդկանց հորդորել է չհանձնվել` նույնիսկ կորոնավիրուսի դրական թեստի դեպքում, հայտնում է ԲԵԼԱՏ-ն:
«Վերջերս ես տեղեկություններ եմ ստանում, որ, ահա, այս փսիխոզը, հատկապես` կորոնավիրուսայինը, հասցրել է նրան, որ մարդիկ հանձնվում են եւ հիվանդանոցներում դադարել են պայքարել իրենց կյանքի համար: Նախարարը (առողջապահության, Վլադիմիր Կարանիկը) գիտի, թե ինչ է նշանակում, երբ մարդը դադարում է պայքարել կյանքի համար»,- ասել է Լուկաշենկոն:
Նա շնորհակալություն է հայտնել բելառուս բժիշկներին, ովքեր «գիշեր ու ցերեկ անցկացնում են հիվանդանոցներում» եւ բուժում են մարդկանց «այս դժվարին ժամանակաշրջանում»:
Նախքան հանրապետությունում տիրող իրավիճակի մասին զեկույցը լսելը, Լուկաշենկոն շեշտել է, որ իրեն հատկապես կհետաքրքրի, թե ինչպես է զարգանում «կամ արդեն ավարտվել կորոնավիրուսի հետ կապված փսիխոզը»:
Ապրիլի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բելառուսական իշխանություններին խորհուրդ էր տվել չեղարկել զանգվածային միջոցառումները, կարանտին ապահովել կորոնավիրուսով վարակվածների, ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ մակարդակների շփումների համար, քանի որ երկիրը «ծանր ժամանակներ է մուտք գործում»:
Մարտի վերջին Լուկաշենկոն խոստովանել էր վարակիչ հիվանդությունների բռնկումը, սակայն հրաժարվել էր կարանտինային միջոցառումներ ձեռնարկել:
Վերջին տվյալների համաձայն` Բելառուսում 2.578 մարդ է վարակվել կորոնավիրուսով, 26 մարդ մահացել է, 203-ը` առողջացել: Աշխարհում SARS-CoV-2-ով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 1.8 միլիոնը: 114 հազար մարդ մահացել է, 427 հազարը` առողջացել:





























