Հայաստանի ոստիկանության կողմից չի ընդունվում Իրանի կողմից դիվանագիտական կորպուսին տրված վարորդական վկայականները։ Այդ մասին նշված է ՀՀ արգործնախարարության կողմից կառավարությանը ներկայացրած տեղեկանքի մեջ։

ԱԳՆ-ն կառավարությանն առաջարկում է փոփոխություն կատարել վարորդական վկայականի տրամադրման կարգի մեջ՝ ելնելով «Ճանապարհային երթեւեկության մաuին» միջազգային կոնվենցիայի դրույթներից։ Այդ կոնվենցիայով կարգավորվում է նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի անդամների վարորդական վկայական ստանալու իրավունքը։ Հարցը կառավարության նիստում կքննարկվի ապրիլի 28-ին։

Իրանը միացել է վերոնշյալ կոնվենցիային, բայց չի ընդունել դրա պայմանները, ինչի հետեւանքով Հայաստանը չի ճանաչում իրանցի դիվանագետների Իրանում ստացած վարորդական վկայականը։

Ըստ ԱԳՆ-ի տրամադրած տեղեկատվության՝ Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն ունեցող մի շարք այլ երկրներ նույնպես չեն միացել կոնվենցիային։ Դրանք են՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Եգիպտոսը եւ Լիբանանը: Այդ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի անդամները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում աշխատող քաղաքացիները պետք է հանձնեն որակավորման քննություն` տեսական քննություն (համակարգչային թեստերի միջոցով) եւ գործնական քննություն, որպեսզի ստանան ՀՀ վարորդական իրավունք:

Սակայն Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն վերոնշյալ հարցին լուծում տալու խնդրանքով, նշելով, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցներից պահանջվում է միայն անցնել տեսողության ստուգում եւ վճարել 30 դոլար միջնորդավճար` ստանալու պետքարտուղարության վարորդական վկայական: Հայ դիվանագետներից չի պահանջվում հանձնել գրավոր կամ վարման թեստեր: