Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները ամբողջ աշխարհի երկրներին նախազգուշացրել են Covid-19-ի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակման միջոցները չափազանց արագ չեղարկելու հետ կապված վտանգների մասին՝ հայտարարելով, որ կորոնավիրուսը արագ է տարածվում եւ 10 անգամ ավելի վտանգավոր է, քան 2009թ․ գրիպի համավարակը, հայտնում է CNBC-ը։
«Այն դեպքում, երբ Covid-19-ի տարածումն արագանում է շատ սրընթաց, դանդաղեցման տեմպերը զգալի ցածր են։ Այլ խոսքերով ասած՝ դեպի ներքեւ ուղին ավելի դանդաղ է, քան դեպի վերեւ ուղին»,- կազմակերպության Ժնեւի գլխավոր գրասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսդուսը։ «Դա նշանակում է, որ սահմանափակման միջոցառումները պետք է չեղարկվեն դանդաղ եւ հսկողության ներքո։ Դա չի կարելի միանգամից անել»,- հավելել է նա։
«Վերահսկման միջոցառումները կարելի է չեղարկել միայն այն դեպքում, եթե ձեռնարկվեն հասարակական առողջապահության պատշաճ միջոցառումներ, այդ թվում՝ շփումներին հետեւելու նշանակալի հնարավորություններ»,- նշել է նա։




























