Ռուսաստանի Խիմկի քաղաքում բնակվող 73-ամյա Ժենյա Ս.-ը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես մնացել է առանց աշխատանք, միեւնույն ժամանակ, զրկվել Հայաստանից ուղարկվող կենսաթոշակից, քանի որ սահմանված ժամկետում Հայաստանում հաշվառվել չի հասցրել։ NEWS.am-ի հետ զրույցում տիկին Ժենյան նշեց, որ փորձել է հեռախոսազանգերի, դեսպանատուն միջոցով լուծել թոշակի հարցը, սակայն ապարդյուն։
«Տարին մի անգամ պետք է ներկայանամ։ Այս անգամ դեկտեմբերին պետք է ներկայանայի, ճնշման պրոբեմ ունեմ, հիվանդացա, չստացվեց, եւ դրանից հետո արդեն 4 ամիս է՝ չեմ ստանում թոշակս։ Հիմա էլ փետրվարի կեսերից ուզում եմ գալ, բայց չի ստացվում։ Զանգահարում եմ տեսուչին, ասում են՝ անպայման պետք է գաք։ Ես ոչ մի օգնություն չեմ ուզում, պարզապես ուզում եմ, որ թոշակս փոխանցվի, կարգավորվի այդ հարցը դեսպանատան միջոցով։ Իսկ այնտեղ զանգել եմ, ասացին՝ չենք կարող օգնել ոչ մի բանով, հոգնած էին երեւի, շատ են դիմում այս օրերին»,- նշեց նա։
Տիկին Ժենյան միայնակ է ապրում եւ աշխատում ՌԴ-ում, խնամակալ չունի։ Խմորեղենի խանութը, որտեղ աշխատում է, կարանտինի պատճառով ժամանակավորապես փակ է։
«Մի փոքր տնտեսած գումար ունեմ, հիմա ուղղակի կվերջանա»,- նշեց նա։
Տիկին Ժենյան Հայաստանի քաղաքացի է, գրանցված է Երեւանի Նոր Նորքի զանգվածում։





























