ԱՄՆ Արեւելյան եւ Արեւմտյան ափերի 10 նահանգների նահանգապետները միավորվել են, որ ներկայացնեն կորոնավիրուսի համավարակի անկումից հետո տնտեսության վերականգնումը համակարգելու երկու տարածաշրջանային համաձայնագիր, հայտնում է Reuters-ը:
Նյու Յորք նահանգի գլխավորությամբ՝ հյուսիսարեւելյան նահանգների նահանգապետների խմբի, ինչպես նաեւ Կալիֆոռնիա, Օրեգոն եւ Վաշինգտոն նահանգների ղեկավարության միության համապատասխան հայտարարությունը բարձրաձայնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, որ հատկապես ինքը, այլ ոչ թե նահանգների նահանգապետներն են որոշելու՝ երբ բացել երկրի տնտեսությունը:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտնել է, որ ինքը Նյու Ջերսիի, Կոնեկտիկուտի, Դելավերի, Փենսիլվանիայի եւ Ռոդ Այլենդի նահանգապետների հետ համագործակցում է լավագույն ռազմավարությունները մշակելու շուրջ՝ մեղմելու համար մեկուսացման ռեժիմը, որը մեկ ամիս առաջ մտցվել էր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Ավելի ուշ Մասաչուսեթս նահանգը հայտարարել է, որ միանում է Արեւելյան ափի նահանգների կոալիցիային:
Բոլոր 10 նահանգների նահանգապետները չեն նշել սոցիալական մեկուսացման ավարտի ստույգ օր:
Ընդ որում՝ նրանք ընդգծել են, որ բիզնեսների, դպրոցների եւ համալսարանների գործունեության վերսկսման մասին որոշումները ընդունվելու են բնակչության առողջության պաշտպանության նպատակով՝ հիմնված ավելի շուտ գիտության, քան քաղաքականության վրա:





























