Հայ ազգային կոնգրեսը չի մեկնաբանում իր հասցեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր` ապրիլի 27-ին արած հայտարարությունը: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ ՀԱԿ-ն իր վերաբերմունքը կարտահայտի այդ հայտարարության նկատմամբ եւ գնահատականներ կտա վաղը` ապրիլի 28-ին տեղի ունենալիք հանրահավաքում: Թե ինչ օրակարգով է անցնելու վաղվա հանրահավաքը` Արման Մուսինյանը չհայտնեց, առաջարկելով գալ, մասնակցել հանրահավաքին ու տեղում իմանալ: Նա նշեց, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից բացի հանրահավաքում ելույթ են ունենալու նաեւ ՀԱԿ մի շարք  ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ապրիլի 27-ին հայտարարել է, որ Հայաստանի արտախորհրդարանական ընդդիմության գործունեության մեջ դրական միտումներ են նկատվում: Նրա խոսքով, արտախորհրդարանական ընդդիմության ցույցերն ու ակցիաները հասարակության պառակտման նպատակ չեն հետապնդում: «Այդ ակցիաները նպատակ ունեն քաղաքական պայքարը տեղափոխել որոշակի ասպարեզ: Ինձ դուր է գալիս, որ վերջին շրջանում իրավապահ մարմիններն ու ընդդիմության հանրահավաքների կազմակերպիչները համագործակցում են, եւ հասարակական կարգի որեւէ խախտում չի լինում»,- նկատել է Սերժ Սարգսյանը:

Այդ ամենն, ըստ նրա, կարող է հանգեցնել նրան, որ Ազատության հրապարակը կրկին կարող է դառնալ այլընտրանքային կարծիքների արտահայտման վայր:

Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն-Տեր Պետրոսյանը ՀԱԿ վերջին հանրահավաքում հայտարարեց. «Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն։

Եթե դա տեղի չունենա, ապա Հայ Ազգային Կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենք դեռեւս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»: