Դատարաններին թույլ կտան մերժել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները: Այս մասին ապրիլի 14-ին ԱԺ-ում Քրեադատավարական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ հաստատվել է, որ մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 15-ը անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել երկրի գործող օրենսդրության մեջ այն նպատակով, որ կարգավորվեն խափանման միջոցի հետ կապված հարցերը: «Այս պատճառով փաստաթուղթը ներկայացվել է արագացված ռեժիմում, որ հասցնենք Սահմանադրական դատարանի սահմանած ժամկետում»,- պարզաբանեց Գալյանը:

Առաջարկվում է նաեւ խափանման միջոց ընտրելիս կիրառել կալանքին այլընտրանքային խափանման միջոցներ, ինչպես՝ գրավը, տնային կալանքը, ինչպես նաեւ չհեռանալու մասին ստորագրությունը:

Օրինագծում ներկայացված են հիմնավորումները, որոնք դատարաններին իրավունք են տալիս կասկածյալներին ազատելու: Ընդ որում՝ գրավը դիտվում է որպես առանձին միջոց, այլ ոչ այլընտրանքային: Գրավի կիրառման դեպքում, եթե կասկածյալը կատարում է հակաիրավական գործողություններ, գրավը կարող է պետության կողմից ազգայնացվել: